Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կառավարության առաջնահերթություններից մեկը

Կառավարության առաջնահերթություններից մեկը
07.11.2008 | 00:00

«ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ»
Կառավարության գործունեության ծրագրում գործադիրն առանձնակի կարևորել է օտար ափերում ապաստանած ՀՀ քաղաքացիների վերադարձի խթանումը: Այդ համատեքստում վերջերս մեկնարկեց «Վերադարձ Հայաստան» ծրագիրը, որի մանրամասները «Իրավունքը de facto»-ին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ։

-Պարոն Եգանյան, նախ, խնդրեմ, ներկայացրեք, թե այսօր վերադարձի ինչպիսի՞ հոսքեր ունենք, ի՞նչ է փաստում վիճակագրությունը: Մի՞թե այն այնպիսի ծավալներ է ընդունել, որ առանձին ծրագիր մշակելու առիթ է դարձել:
-Հարցին մոտենանք երկու տեսանկյունից: Նախ՝ տրամադրությունների առումով. վերջին շրջանում տարբեր գաղթօջախներում բնակվող մեր հայրենակիցների հետ ունեցած հանդիպումները փաստում են, որ այսօր նրանցից շատերն ունեն վերադառնալու մտադրություն, ընդ որում, այդ հարցը բավական հաճախ է քննարկվում: Սրանից ելնելով՝ դեռ երկու տարի առաջ գործակալությունում ստեղծեցինք նոր ծառայություն, որի նպատակն է որոշակի խորհրդատվությամբ օգնել վերադարձողներին` այստեղ առաջացած ինչ-ինչ խոչընդոտները հաղթահարելու հարցում: Նշված ժամանակահատվածում արդեն ավելի քան 2000 անձինք են դիմել այդ ծառայությանը, ընդ որում, նկատենք, որ խոսքը մշտական վերադարձածների մասին է, և մեր ծառայությունն օժանդակել է նրանց տարաբնույթ խնդիրները կարգավորելու հարցում: Հարցերի շրջանակը բավականին լայն է` սկսած պարտադիր զինծառայությունից խուսափելու հետ կապված խնդիրներից մինչև տարիներ շարունակ չստացած կենսաթոշակները և այլն: Յուրաքանչյուր դեպքով արձագանքը եղել է արագ, և խնդիրները կարգավորվել են համապատասխան կառույցների պատասխանատուների անմիջական ներգրավմամբ: Ամենակարևորն այն է, որ վերադարձած մեր հայրենակիցը հստակ տեսնում է, որ իր խնդիրը միայն իրենը չէ, և այստեղ կա սրտացավ վերաբերմունք նրա հոգսը թեթևացնելու համար: Սա ես համարում եմ մեր ամենամեծ ձեռքբերումը: Ու թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված 2003-ից ի վեր նկատվող միգրացիայի դրական սալդոյի տարեցտարի ավելի ու ավելի ամրապնդումը: Նաև հավելեմ, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը մեր խնդրանքով խորացված հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները մինչև տարեվերջ պատրաստ կլինեն, ու մենք կունենանք վիճակագրության ամբողջական պատկերը, թե քանի ընտանիք է վերադարձել հայրենիք, որ երկրներից և այլն:
-Խոսենք «Վերադարձ Հայաստան» ծրագրի մասին: Որո՞նք են դրա հիմնական բաղադրիչները:
-Ինչպես նշեցի, վերադարձի մտադրությունը գաղթօջախներում դարձել է գերիշխող, սակայն կան որոշ մտավախություններ, որոնք հիմնականում այսօրվա Հայաստանի մասին ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալու հետ են կապված: Շատերը չգիտեն, թե ինչ է սպասում իրենց հայրենիքում, ինչն էլ ծնում է անորոշություն, որն իր հերթին լուրջ խոչընդոտ է վերադարձի մտադրությունը կյանքի կոչելու համար: Մեկ օրինակ բերեմ. եթե տվյալ ընտանիքի զինապարտ զավակն ինչ-ինչ պատճառներով խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից, շատերի մոտ այն տպավորությունն է, թե հենց ժամանեն Հայաստան, ապա ուղղակի օդանավակայանից նրանց որդուն կտանեն զինծառայության, այն էլ այնպիսի մի զորամաս, որտեղ ամենածանր պայմաններն են: Նախ, նկատենք «ամենածանր պայմաններով զորամաս» հասկացությունն ինքնաբերաբար արդեն իսկ հեռու է տրամաբանությունից ու իրականությունից, էլ չասենք, որ զինակոչիկին զորակոչելու ընթացակարգն ուրիշ է: Կամ մեկ այլ օրինակ. ասենք՝ կորցրել են փաստաթղթերը և չգիտեն, թե դրա համար ինչ է սպասում իրենց Հայաստանում: Եվ այսպիսի մի շարք հարցեր, որոնք իսկապես խոչընդոտում են մեր հայրենակիցների վերադարձի մտադրությունը կյանքի կոչելուն: Ըստ այդմ, «Վերադարձ Հայաստան» ծրագրի բուն նպատակը վերադառնալու մտադրություն ունեցողներին նախ և առաջ ճշգրիտ տեղեկություն տրամադրելու առաքելությունն է, որը պարբերաբար թարմացվում է, որպեսզի մեր պոտենցիալ շահառուն մինչև վերադարձը լիարժեք տիրապետի դրան: Անշուշտ, մենք չենք կարծում, թե միայն այս կերպ կկարողանանք լիովին լուծել այս խնդիրը, սակայն այն, որ սա բավականաչափ գործուն մեխանիզմ կարող է լինել գոնե հուզող շատ հարցերի պատասխաններն ունենալու առումով, կասկածից վեր է: Ի դեպ, այս մոտեցումն ամրագրվեց նաև կառավարության գործունեության ծրագրում, համաձայն որի գործադիրը նախատեսում է առաջիկա տարիներին էլեկտրոնային տեղեկատվական հաղորդուղիներով ստեղծել այդ համակարգը, ինչպես նաև այն սպասարկող կառույցը, որում կընդգրկվեն տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր և կտան շահառուին հուզող բոլոր հարցերի պատասխաններն ու կառաջարկեն համապատասխան լուծումներ:
-Նկատենք, որ այս համատեքստում վերջերս շահագործվեց «Վերադարձ Հայաստան» կայքէջը` www.backtoarmenia.com հասցեով, որին այցելելով շահառուն, ըստ էության, կստանա իրեն հուզող հիմնական հարցերի պատասխանները: Հետաքրքիր է, թե ինչպես է ապահովվելու ակնկալվող տեղեկատվության լիարժեքությունը:
-Նախ՝ մեկ լրացում. մեր շահառուները կարող են այցելել նաև www.sma.am/migrant էլեկտրոնային հասցե, ինչն ավելի շատ թվով շահառուներ սպասարկելու հնարավորություն կտա: Ինչևէ, համակարգը չորս մակարդակով տեղեկություն տրամադրելու հնարավորություն ունի: Առաջին մակարդակում շահառուն հնարավորություն ունի ծանոթանալու ՀՀ գործող օրենսդրությանը, որը զետեղված է կայքում և պարբերաբար թարմացվում է: Սա հնարավորություն է տալիս հուզող հարցի համապատասխան օրենսդրական ակտը գտնել ու ծանոթանալ դրա պահանջներին: Անշուշտ, սա լիարժեքորեն չի կարող բավարարել անձին հուզող հարցի պատասխանը ստանալու առումով, և, ըստ այդմ, երկրորդ մակարդակում զետեղել ենք, այսպես ասենք, ճյուղային իրավիճակներից ելնող տեղեկատվություն, որն իրենից ներկայացնում է ըստ ոլորտների` առողջապահություն, սոցիալական ապահովություն, կրթություն և այլն, հիմնականում բարձրացվող հարցադրումների հանրամատչելի և փաստարկված պատասխանները: Կարճ ասած, այս դեպքում կիրառվել է հարց և պատասխանի մոտեցումը: Եթե այս երկու մակարդակների տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո շահառուն չգտնի իրեն հուզող հարցի պատասխանը, ապա արդեն երրորդ մակարդակում նա հնարավորություն ունի հարցն ուղղելու անմիջապես պատասխանատուին, այսինքն՝ ՀՀ համապատասխան մարմնի ներկայացուցչին: Համակարգն ընձեռում է այդ հնարավորությունը, ըստ որի ծրագրի համակարգողը ստացվող հարցը վերահասցեագրում է համապատասխան պետական մարմնի փորձագետին, այնուհետև ստանալով պատասխանը, այն ուղարկում է դիմող շահառուին: Եվ, վերջապես, չորրորդ մակարդակում համակարգը հնարավորություն է տալիս ցանցային` on-line, ռեժիմով հարցազրույց անցկացնել շահառուի և համապատասխան փորձագետի միջև: Ի դեպ, կայքէջը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն, բավականին ծավալուն աշխատանք է տարված, որպեսզի հնարավորինս ամբողջական տեղեկություն զետեղված լինի այնտեղ: Համակարգն արդեն լիարժեք գործում է, կայքում ունենք այցելուներ, և, հաշվի առնելով, որ այս ծառայությունը պահանջված է, վստահ ենք, որ հետզհետե կավելանա նրանց թիվը, և մենք էլ մեր հերթին կօժանդակենք, որպեսզի նրանց վերադառնալու մտադրությունը դառնա հաստատուն: Ի դեպ, մեր համակարգին կարող է դիմել ոչ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ պարտադիր ազգությամբ հայ շահառուն, այլև ցանկացած անձ, ընդ որում, նկատենք, որ այդպիսի դեպքեր ևս ունենք, թեև հիմնականում մեր նպատակն է խթանել մեր` ՀՀ քաղաքացիների վերադարձը:
-Պարոն Եգանյան, իսկ բացի խորհրդատվական օժանդակությունից՝ շահառուն կարո՞ղ է ակնկալել նաև որոշակի առարկայական օժանդակություն, ասենք, գոնե սկզբնական փուլի համար, գլխին ծածկ ունենալու կամ զբաղվածության խնդրի կարգավորման հետ կապված:
-Համակարգը չի բացառում նման տեսակի օգնությունների հատկացումը: Դա հիմնականում կախված կլինի դիմողների և նրանց բարձրացրած հարցերի բնույթից: Քանի որ դեռ նոր ենք սկսել այս գործընթացը, դեռևս խնդիր ունենք հստակեցնելու, թե հիմնականում օժանդակության ինչպիսի ակնկալիքներ կառաջադրեն շահառուները, ու, ըստ այդմ էլ, կառավարությունը գործնական քայլեր կձեռնարկի այդ ուղղություններով: Մասնավորապես, եթե երեխաների կրթության, ավելի կոնկրետ՝ լեզվական կամ ուսուցման ծրագրերի հետ կապված հարց է, ապա կփորձենք կարգավորել կրթության նախարարության հետ համատեղ: Եթե ժամանակավոր կացարանի հետ կապված հարց է, ապա կփորձենք հանրակացարանների կամ այլ եղանակով կարգավորել այդ խնդիրը: Ի դեպ, վերջինի մասով մենք փորձ ունենք. խոսքն այլ երկրներում գտնվող մեր քաղաքացիների ռեինտեգրացման ծրագրերի մասին է, որը հաջողությամբ կիրառել ու կիրառում ենք: Մասնավորապես, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի դեպքում. նշված երկրներն իրենց վրա են վերցրել այդ ծախսերը, ու, ասեմ, այդ գործիքը բավականին արդյունավետ է եղել: Անցած չորս տարիների ընթացքում, երբ կիրառվել է այդ մոտեցումը, մասնավորապես, Շվեյցարիայի օրինակը բերեմ, չի եղել գոնե մի դեպք, որ վերադարձած ընտանիքը ցանկություն հայտնի կրկին լքելու Հայաստանը: Մի բան մեզ համար հստակ է ու անբեկանելի. վերադարձող ընտանիքը չպետք է անուշադրության մատնվի, հակառակ դեպքում նրանք կրկին կլքեն երկիրը: Անգամ եթե ֆինանսական օժանդակություն հնարավոր չլինի տրամադրել, գոնե մարդը պետք է զգա, որ ինքը պահանջված է ու մենակ չէ իր պրոբլեմի հետ, խորհուրդ տվող կամ աջակցող կա իրեն: Սա հոգեբանական շատ ուժեղ գործոն է՝ նրանց հայրենիքի հետ վերստին կապելու համար: Ի դեպ, սա հենց իրենց` վերադարձածների կարծիքն է, որ քանիցս բարձրաձայնել են մեզ մոտ: Ավելին, նրանցից շատերը վերադարձից որոշ ժամանակ անց խոստովանում էին, որ թերահավատ են եղել, թե որևէ մեկն այստեղ կլսի ու կաջակցի իրենց, սակայն տեսնելով ու զգալով այն, ինչն արվում է, ավելի հաստատակամ են դարձել իրենց որոշման մեջ` մնալ ու ապրել հայրենիքում:
-Կառաջարկեի կենտրոնանանք մասնավորապես վերադարձող ընտանիքների երեխաների ինտեգրացման խնդրին, քանզի չմոռանանք, որ նրանցից շատերը, այնուամենայնիվ, ծնվել ու հասակ են առել մի իրականության մեջ, որը, անշուշտ, բավականին տարբեր է մեր իրականությունից: Կոնկրետ այդ մասով ի՞նչ լուծումներ է տեսնում «Վերադարձ Հայաստան» ծրագիրը:
-Իրոք, դա կարևոր և բարդ խնդիր է: Ծրագիրը նոր է սկսվել, ու նախ փորձելու ենք ֆիքսել, թե որքան ընտանիքների և հատկապես ինչ խնդիրների հետ գործ ունենք: Բայց հնարավոր լուծումների մասին որոշակի պատկերացում արդեն իսկ ունենք: Կոնկրետ նշված խնդրի հետ կապված, եթե հարցը կրթական լեզվի իմացության մասով լինի, ինչը, ի դեպ, հասկանալի է, որ գերիշխող է, ապա կրթության նախարարության հետ կփորձենք համակարգված լուծում տալ դրան` շեշտադրելով, թե հատկապես ինչ է անհրաժեշտ անել դրա համար: Այն դեպքերում, երբ ուսումնառության բաց թողնված տարիները վերականգնելու խնդիր կդրվի, այսինքն՝ որպեսզի 15 տարեկան երեխան դպրոց չգնա 8 տարեկանների հետ, նման դեպքերում վերադարձած երեխաները կթեստավորվեն, ու դրա արդյունքներից ելնելով՝ նրանց համար կկազմակերպվեն անհատական ուսուցման դասընթացներ` տարբեր առարկաների գծով, նպատակ ունենալով կես տարի կամ մեկ տարի անց նրանց հասցնել իրենց հասակակիցների կրթական մակարդակին: Այսպիսի մոտեցում արդեն իսկ կիրառել ենք Շվեյցարիայի հետ իրականացված վերոնշյալ ծրագրի շրջանակում, և արդյունքները բավականին գոհացուցիչ են: «Վերադարձ Հայաստան»-ի դեպքում, թերևս, ծավալները հստակեցնելու խնդիր կունենանք, ինչից հետո էլ կմշակվի առավել գործուն մեխանիզմ: Ոչ պակաս կարևոր է նաև նրանց ինտեգրացումը մեր իրականությանը, ծանոթացումը մեր ազգային սովորույթներին, որի մասով ևս կմշակվեն ու կիրականացվեն համապատասխան ծրագրեր:
-Պարոն Եգանյան, իսկ վերադարձող կենսաթոշակառուների դեպքում ի՞նչ է նախատեսում օրենքը, կստանա՞ն, արդյոք, իրենց բացակայած տարիների հասանելիք կենսաթոշակը:
-Այս դեպքում օրենքը հստակ սահմանում է, որ նրանք կարող են ստանալ իրենց վերջին երեք տարիների կենսաթոշակը, որի համար ընդամենն անհրաժեշտ է դիմել տեղի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնին, ու որևէ խնդիր, վստահ եմ, չի առաջանա:
-Որպես ծրագրի ամփոփում, ի՞նչ կհավելեք:
-«Վերադարձ Հայաստանը» կառավարության ծրագրի բաղկացուցիչ մասն է, ու նպատակը խթանելն է, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Ինչ խոսք, դեռ նոր ենք սկսել ծրագրի իրականացումը, և հիմնական աշխատանքը դեռ առջևում է, բայց որ այս ծրագրի անհրաժեշտությունը կար, կասկածից վեր է, ինչի մասին փաստում են մեր վերլուծություններն ու հայկական գաղթօջախներում ունեցած անձնական շփումները: Ամենակարևորն այն է, որ օտար ափերում ապրող մեր քաղաքացին վերջապես ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցավ` ի դեմս այս ծրագրի շրջանակում գործարկված կայքէջի, քանզի այլ աղբյուրներով, շատ անգամ այստեղից մեկնածների ներկայացմամբ, այդ տեղեկությունը չափից դուրս սև է: Ակնհայտ է, որ մեր իրականությունը նման կերպ ներկայացնելու մղումն ավելի շատ սեփական հեռացումն արդարացնելու միջոց է, ինչը, անշուշտ, իր չար գործը կատարում էր վերադարձի մտադրություն ունեցողների վերջնական որոշման վրա: Այժմ այս կերպ հնարավորություն ունենք ճշմարտությունը հասու դարձնել բոլոր նրանց համար, ովքեր մտադրվել են վերադառնալու ու թող դրանից հետո որոշում ընդունեն՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ: Կարծում եմ, որ այս դեպքում որոշումը կլինի հօգուտ վերադարձի, առավել ևս, որ գաղթօջախներում տրամադրվածությունը, ինչպես արդեն նշեցի, հօգուտ վերադարձի է: Ամփոփելով, նշեմ, որ ծրագրի կիրարկումից մեկ տարի անց արդեն կկարողանանք խոսել համակարգի արդյունավետության մասին ու, որ ամենակարևորն է, արդեն թվերի լեզվով կներկայացնենք, թե քանի ընտանիք դիմեց մեզ ու նրանցից քանիսը վերադարձավ հայրենիք: Հուսանք, որ այդ պատկերը կլինի տպավորիչ:
Զրուցեց Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 6433

Մեկնաբանություններ